Այսօր կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի առաջին ու ամենածավալուն հարցը՝ Գյումրի համայնքի 2025–2029 թվականների զարգացման հնգամյա ծրագիրն էր։
Իհարկե, մենք միշտ կողմ ենք լինելու Գյումրիի զարգացմանը նպաստող ցանկացած ծրագրի, բայց հնգամյա զարգացման ծրագիրը առաջիկա տարիներին մեր քաղաքի զարգացումն ապահովող գլխավոր փաստաթղթերից է և պետք է լինի առավելագույնս ընդգրկուն, փաստարկված և իրատեսական։
«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը առաջարկեց հաշվի առնել մեր դիտարկումները և ծրագիրը լրամշակել, ինչից հետո կրկին ներկայացնել ավագանու քննարկմանը։
Հարցը հանվեց նիստի օրակարգից և տասնօրյա ժամկետում խմբակցությունները կներկայացնեն իրենց առաջարկները Գյումրու քաղաքապետին։
Ռուբեն Մխիթարյանի կողմից առաջարկվեց․
✅ Ծրագրում ներառել 2021 թվականից հետո ունեցած տուրիզմի վիճակագրությունը, մանրամասնել տուրիզմի զարգացման համար նախատեսվող մարտավարությունն ու ռազմավարությունը։
✅ Նախատեսվող մշակութային միջոցառումների համար սահմանել արդյունավետության որոշման ցուցանիշներ, որպեսզի չափելի լինեն այդ մասով քաղաքի բյուջեից կատարվող ծախսերի նպատակահարմարությունը և ստեղծած արդյունքները։
✅ Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնման հաստատված ծրագրի մանրամասները ներկայացնել ծրագրում, պարզաբանել ընթացքին խանգարող խնդիրները և հստակեցնել վերջնաժամկետները։
«Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամներից Սուսաննա Մոսոյանի կողմից ևս արվել են առաջարկներ․
✅ Հնգամյա զարգացման ծրագրում ընդգրկվել են ծրագրեր, որոնց իրականացման համար հիմնական ռիսկը համարվում է ֆինանսական միջոցների հայթայթումը, իսկ արդեն փաստացի ֆինանսավորում ունեցող՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագիրը ներառված չէ քաղաքի զարգացման ծրագրում։ Առաջարկվել է ընդգրկել այս ծրագիրը և մանրամասնել մեկնարկի ժամկետները ու իրականացման խնդիրները։
✅ Հնգամյա զարգացման ծրագրում ընդգրկված էին միայն երկու թանգարանների փոքր վերանորոգման աշխատանքներ։ Առաջարկվել է ուշադրություն դարձնել նաև մյուս թանգարաններին, ներառել տեխնոլոգիական լուծումներ թանգարաններում տոմսերի վաճառքը կազմակերպելու հարցում, ինչը գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ, վերահսկելի ու ժամանակակից։ Արդյունքում բյուջեում գոյացած ավելի մեծ մուտքերը թույլ կտան լուծել թանգարանների առաջ ծառացած մի շարք խնդիրներ։
Բոլոր առաջարկները գրավոր տարբերակով ևս մեկ անգամ կներկայացնենք Գյումրու համայնքապետին և հետևողական կլինենք, որ ունենանք Գյումրիին ու գյումրեցուն արժանի հնգամյա զարգացման ծրագիր։






