Շնորհավոր Սուրբ Զատիկ! Քրիստոսի հրաշափառ Հարության լույսը թող լինի մեզ առաջնորդող ու ամոքող ուժ։
Սիրելինե՛ր ու հարգելինե՛ր,
2025 թվականը քրիստոնյա ողջ աշխարհի համար կարևորագույն տարի է, քանի որ լրանում է Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակը։ Այդ Մեծ ժողովը միակն է, որին վկայված է Հայ եկեղեցու անմիջական մասնակցությունը – մասնակից 318 Սուրբ հայրերի թվում եղել է Սբ.Գրիգոր Լուսավորչի որդին՝ Սբ.Արիստակես Հայրապետը։
Նիկիայի ժողովը, ի թիվս այլ հարցերի, հստակեցրել է Սբ.Զատկի օրը որոշելու սկզբունքը, ինչպես նաև հաստատել է առաջին համաքրիստոնեական «Հաւատոյ հանգանակ»-ը («Հաւատամք»-ը), որն ընկած է այսօր բոլոր եկեղեցիներում, այդ թվում՝ Հայ եկեղեցում գործածվող հանգանակների հիմքում։
Վերոգրյալը հաշվի առնելով՝ ընկերոջս՝ Սարգիս Մելքոնյանի ու Վահե Բեգոյանի հետ նախաձեռնել ենք մի ճանաչողական տեսանյութի ստեղծում՝ նվիրված Նիկիայի մեծ ժողովի 1700-ամյակին։ Մասնակցելու համար շնորհակալ ենք մեր ընկերներին՝ ժողովրդական դերասան Հրանտ Թոխատյանին, անվանի բժիշկ Արմեն Չարչյանին, դերասան Մարջան Ավետիսյանին, պատմաբան Միքայել Մալխասյանին։ Հատկապես շնորհակալ ենք նահատակ զինվորի մայր Աստղիկ Գալեյանին, Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի փոխլուսարար Տ.Դավիթ աբեղա Օհանյանին և Վենետիկի Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հանդեսի գլխավոր խմբագիր Տ.Սերոբ վարդապետ Չամուրլյանին։ Առանձնապես շնորհակալ ենք «Antifake»-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանին։
Տեսանյութը սոցիալական ցանցերի մեր էջերում կտեղադրենք կիրակի առավոտյան։ Կանխավ շնորհակալ ենք այն լրատվամիջոցներին ու անհատներին, որոնք կլուսաբանեն ու կտարածեն այն։
