Մեզնից գողացված Եռատոնի գիշերն է։ Բնականաբար քունըս չի տանում։
Համացանցն եմ թերթում, ու մեկ էլ տեսնեմ ի՞նչ։ Մի փաստաբան Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժնից մի քանի լայվ է արել՝ այն մասին, որ ձերբակալել ու կալանքի են տանում մի կնոջ՝ Լիլիթ Աղեկյանին։ Ձերբակալվածը ներկայացվում է որպես «հետաքննող լրագրող», որը զբաղվում է Գյումրիի իրավապահների մասին կոռուպցիոն բացահայտումներով։ Ասում է՝ խոսք ասելու համար են ձերբակալել։
Շարունակում եմ դիտել լայվը, որն ունի սյուրռեալիզմի ու սարսափ-ֆիլմի էլեմենտներ։ Նախ, փաստաբանին ներս չեն թողնում պաշտպանյալի մոտ (ինչն ինքնին ապօրինի է), փաստաբանը բողոքում է, մեկ էլ՝ մի դռնից լսում է իր վստահորդի ճիչը, հետո … շենքը հոսանքազրկվում է, հետո մթության մեջ անհասկանալի բաներ են տեղի ունենում, հետո լայվն ավարտվում է։
Հաջորդ լայվում տեսնում ենք իրարանցում – շտապ օգնություն են կանչել՝ ձերբակալված կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար։ Կնոջ դեմքը ծանոթ է թվում։ Հետո հիշում եմ՝ իրոք ծանոթ ենք։ Ընդդիմադիր է։ Կարծեմ, 2-3 տարի առաջ մի քաղաքական գործով իրավական խորհրդատվություն եմ մատուցել հեռախոսով, վերջերս էլ՝ Գյումրիի ընտրության օրը, պատահաբար հանդիպել ենք, երբ «տատիկների գործով» մեզ չէին թողնում այցելեինք մեր վստահորդներին, մենք էլ ջղայնացած սպասում էինք ոստիկանության շենքի մոտ։
Լայվում շատ վատ տեսք ուներ Լիլիթ Աղեկյանը։ Հազիվ էր ոտքերի վրա կանգնում։ Հետո թևանցուկ տեղափոխում են շտապ օգնության մեքենա։ Լայվն ավարտվում է։
Հաջորդ լայվն արդեն դատարանի մոտից է։ Պարզվում է՝ Երևանից Գյումրի հասած այդ փաստաբանին չեն ներգրավել որպես պաշտպան, փոխարենը ներգրավել են հանրային պաշտպանի։ Ու ես չգիտեմ՝ բողոքել է արդյոք հանրային պաշտպանը այն բանի դեմ, որ քննիչը չի ներգրավում ձերբակալվածի հրավիրած փաստաբանին, թե ոչ։
Կարճ ասած՝ ինչ-որ կաշմառ։ Ոտից գլուխ։
Հետո հիշում եմ, որ մեզնից գողացված Եռատոնի գիշերն է։ Հետո հիշում եմ 7 տարի առաջվա օրը Ստեփանակերտում, երբ նոր-նոր վարչապետ ընտրված գերագույն դավաճանը իր լնգուլավազների «սվիտայով» այցելել էր Արցախ։ Ես էլ ընկերներիս ասում էի՝ սրա վերջը վատ ա։ Ոմանք համաձայնվում էին, իսկ շատերը՝ ոչ։
Չհամաձայնվողներից մեկը հերոսաբար զոհվեց Շուշիում։ Անունը չեմ տալիս, բայց իրեն շատ լավ հիշում եմ ու սիրտս ցավում է։ Էսօրվա պես հիշում եմ, թե ինչպես իր ու քրոջ հետ Երևանից իմ մեքենայով մեկնեցինք Շուշի։ Ճամփին ինձնից գոհ՝ ասեցի «այ է՛ստեղ լավ հաց են տալիս։ Հանգստանանք՝ շարունակենք»։ Թարսի պես՝ էդ օրը հացը շատ վատն էր։ Տեղը չեմ ասում, բայց շատ լավ հիշում եմ ու սիրտս ցավում է…
Հետաքրքիր է՝ ինչ եղավ Լիլիթ Աղեկյանի հետ։ Ինչու՞ են այդ կնոջը ափալ-թափալ բռնել։ Ու՞մ է ինչ ասել։ Ի՞նչ որոշեց դատարանը։ Ո՞նց եղավ առողջականը – շատ վատ տեսք ուներ լայվում։
7 տարի մեր երկիրն անեծքի տակ է հայտնվել։ Մահացու անեծքի տակ։ Ոմանք դա հասկանում են, իսկ շատերը՝ ոչ։