Այսօր իմացա, որ մանկության ընկերս զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում։ Շատ ծան…

Այսօր իմացա, որ մանկության ընկերս զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում։ Շատ ծանր տարա, որովհետև Կարենի հետ կարծես թե հեռացավ մանկությանս Ջերմուկից մի մեծ կտոր։

Երկուսս էլ Երևանից էինք ու ամառները գնում էինք մեր տատիկ-պապիկների տուն, իսկ մեր տատիկ-պապիկները հարևաններ էին։

Հազար ու մի արկած ենք ունեցել Ջերմուկի փողոցներում, ու էդ բոլոր արկածների ռեժիսորն ու սցենարիստը հիմնականում հենց Կարենն էր։ Չգիտեմ՝ ինչու էր որոշել մասնակցել խալխի պատերազմին. գուցե իր հետաքրքրասեր ու «բզբզող» բնավորության համաձայն՝ որոշել էր հերթական արկա՞ծը որոնել։ Ի՞նչ իմանամ։

Վաղուց չէինք տեսնվել։ Գիտեի, որ շատ տարիներ առաջ տեղափոխվել է Ռուսաստան, կարծեմ նաև էնտեղի քաղաքացի էր դարձել։ Եվ մի տեսակ տեսադաշտիցս դուրս էր մնացել։

Թերթեցի մեր «պերեպիսկան» ու ապշեցի։ Վերջին անգամ 2020 թվի դեկտեմբերին էինք զրուցել, բայց կարճ տեքստ էր ինձ ուղարկած եղել, որը մինչ օրս չէի նկատել։ Ինչ ափսոս։ Ասում էր՝ «չես հոգնե՞լ քաղաքականությունից»։ Ասում էր՝ «էնքան կույր մարդ կա՝ մինչև նրանց աչքերը բացես՝ կծերանաս»։

Կարեն ջան, կներես՝ մի քիչ ուշ եմ պատասխանում, բայց իմացած էղի, որ ծերանալը՝ ծերացել եմ, տակ շտո մնաց աչքերը բացելու պահը։ Տեսնենք։

Չգիտեմ, ընգեր ջան, ճի՞շտ ես արել, որ գնացել ես խալխի պատերազմին մասնակցելու, թե՞ ճիշտ չես արել։ Իրոք չգիտեմ – շա՜տ վաղուց չենք խոսել – բայց մի բան հաստատ գիտեմ. սեփական երկրում հանգիստ ծերանալու հնարավորությունը հեչ վատ բան չի։

Իմ ու իմ ընկեր Կարենի մանկության քաղաք Ջերմուկից քիչ բան է մնացել։ Մեր մանկության ուրախ-զվարթ քաղաքը վերածվել է ծերացող, վիրավոր ու տխուր մի տեղի։ Չգիտեմ՝ ոնց ձևակերպեմ, բայց ինչ-որ անեծքի պես բան կա մեր գլխին, որը պիտի ամեն կերպ փորձենք չեզոքացնել։ Ոչինչ, թեկուզ էդ ընթացքում է՛լ ավելի ծերանանք։ Ոչինչ։ Պիտի ամեն կերպ փորձենք չեզոքացնել՝ ի հիշատակ շատերի։ Այդ թվում՝ իմ մանկության ընկեր Կարենի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *