Պատիվ ունեմը պարտավոր է առաջադրել Էդմոն Մարուքյանին Իմպիչմենտից շատ խոսող երկո…

Պատիվ ունեմը պարտավոր է առաջադրել Էդմոն Մարուքյանին

Իմպիչմենտից շատ խոսող երկու գործիչները օրեր շարունակ հայտարարում էին, թե իրենք թեկնածու չունեն, և որ թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է բացառապես պատգամավորներին։ Սակայն հետո նրանք հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ, և այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվում։ Շուտով Սերժ Սարգսյանի ղեկավարած խմբակցությունն էլ հանդես է գալիս հայտարարությամբ, նշելով, որ թեկնածու չունեն, որ իմպիչմենտը իշխանափոխության ամենահավանական ուղին է, և իրենք պատրաստ են թեկնածուի հարցը քննարկել առանց նախապայմանների։

Պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը առաջադրում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ Մարուքյանը փորձում է մտնել բանակցությունների փուլ խմբակցությունների հետ։ Իսկ այն խմբակցությունը, որը հայտարարել էր, թե չունի նախապայմաններ («Պատիվ ունեմ»), դուրս է մնում քննարկումներից, իսկ նրանց սատելիտները սկսում են խոսել նոր նախապայմանների մասին։ Միայն այս դրվագը բավարար է եզրակացնելու, որ այդ քաղաքական ուժը պատրաստ է հեշտությամբ հրաժարվել սեփական հայտարարություններից, եթե անհրաժեշտություն առաջանա։

Թեկնածու չունեցող «իմպիչմենտականները» ևս սկսեցին ներկայացնել չափորոշիչներ՝ թեկնածուի համար, չնայած ավելի վաղ հայտարարել էին, որ այդ իրավունքը վերապահում են միայն պատգամավորներին։ Սա վկայում է, որ նրանց նպատակը իրականում իմպիչմենտի գործընթացը չէր, այլ՝ ինչպես մի շարք վերլուծաբաններ են նշում, մյուս ընդդիմադիր խմբակցության թիրախավորումը։

Այո, Էդմոն Մարուքյանը քաղաքական ծաղրածու է, սակայն նախապայմանների բացակայության մասին հայտարարություն անելուց առաջ անհրաժեշտ էր հաշվարկել հնարավոր սցենարները։ Եթե դուք դրժում եք ձեր իսկ տված խոստումը, ապա էթիկապես հավասարվում եք հենց նրան։ Իսկ եթե առաջադրում եք թեկնածու, ապա նշանակում է՝ կրկին նախաձեռնում եք մի արկածախնդրություն, որի հետևանքները կրելու է պետությունը։

Սա մի իրական «ցուգցվանգ» է Սերժ Սարգսյանի համար, բայց այդ դրությունը հենց ինքն է ստեղծել, և ուրեմն պարտավոր է նաև կրել դրա հետևանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *