Նախկինում շատերն էին ասում. «Եթե կին պաշտոնյա լիներ, ամեն ինչ կփոխվեր։ Այս երկրին կնոջ ձեռք է պետք, որ հանցագործությունները նվազեն»։
Իսկ այսօր, փաստորեն, իրավապահ համակարգի մի զգալի մասը կանանց ղեկավարության տակ է։ ՄԻՊ-ն էլ կին է։ Բայց հենց հիմա, այս նույն օրերին, ոստիկանությունում մերկացնում են կին լրագրողի, իբր զննում են։
Սա հեգնանք չէ։ Սա հարված է այն միամտությանը, թե սեռը կարող է երաշխիք լինել բարության։ Իրականությունն անողոք է․ մարդն է ընտրում՝ լինել լույսի՞, թե՞ ստվերի կողմում։ Եվ այդ ընտրությունը կապ չունի՝ կին է, թե տղամարդ։ Եթե իշխանությունն օգտագործվում է ոչ թե ծառայելու, այլ հպատակեցնելու համար, եթե մարդու նպատակը իշխանության պահպանումն է, ոչ թե հասարակության բարօրությունը, ապա այդ մարդը դառնում է համակարգի գործիք՝ , սառնասիրտ ու հրեշավոր։
Եվ քանի դեռ մենք շարունակում ենք մարդուն գնահատել ըստ սեռի, այլ ոչ թե ըստ արժեքների ու արարքների, այդքան ժամանակ փոփոխություն չի լինելու։ Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով։