Մարդը հոգևոր էակ է. ապաքրիստոնեության նոր մեթոդները:
«Չկա քրիստոնեություն, չկա Քրիստոս, չկա շնորհ, չկա ճշմարտություն, չկա կյանք, չկա փրկություն՝ ոչինչ չկա առանց Եկեղեցու, և այդ ամենը կա միայն Եկեղեցում»:
Իլարիոն Արքեպիսկոպոս Տրոիցկի
Եկեղեցու Հայրերն ասում են՝ թզենին այգու մեջ միայն կարող է աճել, թզենին մարդն է, այգին՝ Եկեղեցին:
Նիկոլ Փաշինյանի գրառումը կապված պատարագից առաջ պետական օրհներգը հնչելուն և եկեղեցիներում դրոշ կախելու մասին հայտարարությունը, առիթ տվեց, որպեսզի հղում տրվի ավանդական պատճառին՝ տգետ է, պատմություն չգիտի, հոգևոր գիտելիքներից էլ հեռու է:
Այնինչ խնդրի էությունը շատ ավելի խորն է, և ինչպես անցած գրեթե ութ տարիներն են ապացուցում, չկա տգիտություն, կա դիտավորություն, որի պատճառը մակերեսային չէ:
Անցած՝ 20-րդ դարը մարդկությունը կոչեց գիտության և տեխնիկայի դար, որը մարդուն տվեց մարմնի համար այն ամենը, ինչը հարկավոր էր, բայց միաժամանակ դատարկեց մարդու հոգին, ոչ անկախ դարի ոգուց, այլ դարը ծնեց նաև շարժում, որի նպատակը մարդկային հոգիները սպանելն էր, և հոգևոր էակից սպառողական էակ կերտելը, այդ գաղափարական շարժման անունը մշակութային հեղափոխություն էր, որը սկսվեց դարասկզբին, բայց հիմնական ընթացքի մեկնարկը տրվեց 1960-ականներից, այս համատեքստում ի հայտ եկան ռոք երաժշտությունը, հոլիվուդյան նոր արժեքներ քարոզող ֆիլմերը, սպորտի և սպորտսմենների ֆետիշացումը և այլն:
Մշակութային հեղափոխությունը, որն իր էությամբ հակամշակութային ահաբեկչություն էր, ուղղված էր ուղղափառ, կաթոլիկ և բողոքական (խոսքը կաթոլիկության և բողոքականության կվինտ-էսենցիայի (բուն էության) մասին չէ, այլ այդ հավատամքն ընդունած առաքինի կյանք վարողների մասին է) հասարակությունների դեմ:
Հակամշակութային ահաբեկչության ուղեկցությամբ՝ վայրիվերումներով հասանք 21-րդ դար, ֆիզիկայի օրենքն անշեղորեն գործեց, մեծ ազդեցությունը ծնեց մեծ հակազդեցություն, թիրախը՝ քրիստոնեությունն ավելի ամրացավ, քանզի մարդու կառուցվածքը՝ միտք, հոգի և մարմին, չփոխվեց:
21-րդ դարի առաջին քառորդը չլրացած սկսվեց նոր ավելի վտանգավոր շարժում՝ ապաքրիստոնեությունը քրիստոնեության դիմակի տակ: Այս գործընթացի համար ծնվեցին նորանոր աղանդներ՝ օրինակ ԱՄՆ-ում քրիստոնեական սիոնիզմը, որը անդամ է համարվում Թրամփը, հիմնականում բողոքական, այս աղանդների նպատակը ապաքրիստոնեությունն է, բայց սա երկփեղկված Արևմուտքի մեկ ճամբարի գործիքակազմն է, մյուս ճամբարի՝ մեզանում հայտնի ուլտրագլոբալիստների կամ տրանսհումանիստների միջոցները և գործիքակազմը լրիվ այլ են և այլ տրամաբանությամբ, որի մասին մեկ ուրիշ անգամ:
Այս ամենի համատեքստում գանք Հայաստան:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, մեր թշնամիների պայքարը միշտ աղանդներով եղել է և կա, բայց 19-րդ դարում Եկեղեցում առաջացավ մի շարժում որը նախաձեռնողներն էին ազգային «հոգևորականները», վերջիններս նույն կեղծ նարատիվն էին առաջ տանում, ինչ Նիկոլը հիմա առաջարկում է՝ Եկեղեցին պետք է ծառայի պետության մարդածին գաղափարին, ոչ թե հակառակը՝ իրական նպատակը՝ պետությունը պետք է լինի Եկեղեցու կողմից հաստատված աստվածային կարգի պահպանողը և ամրապնդողը, քանզի պետության առաջնային նպատակն ինքնության պահպանումն է, որի հիմնասյունը հավատն է:
Նիկոլի գլխավորությամբ աղանդավորները, ազգայնականները, կեղծ ինքնիշխանները, «անկախականները», արևմտամետները(թրքահպատակներ) փորձում են ավերել այգին՝ եկեղեցին, որ թզենի չաճի:
Որպես վերջաբան՝ «Հայկականությունն առանց քրիստոնեության դատարկաբանություն է»:
Միքայել Սրբազան