Չորեքշաբթի օրը Հիսուս, ըստ ամենայնի, մի փոքր հանգիստ առավ՝ առաջիկա ծանր օրերին ընդառաջ։
Բեթանիայում մի փարիսեցու տանը խնջույք եղավ, և խնջույքի ժամանակ մի մեղանչող կին եկավ ու թանկարժեք յուղով սկսեց օծել Հիսուսի գլուխը։ Ու երբ Հուդան ու մի քանի ուրիշ աշակերտներ բարկացան կնոջ վրա՝ ասելով, թե թանկարժեք յուղը կարող էին վաճառել ու գումարը բաժանել աղքատներին, Հիսուս նրանց սաստեց Ավետարանի թերևս ամենագեղեցիկ նախատինքով։ Ասաց՝ աղքատներին ամեն ժամ էլ ունեք ձեր կողքին, իսկ Ինձ՝ ոչ։
Մենք էլ հաճախ մեր գործերի մեջ ենք այնքան խրվում, որ մոռանում ենք, որ գործը միշտ էլ կա, իսկ մեր հարազատները՝ ոչ։
Բեթանիայում խնջույքից հետո Հուդան գնաց քահանայապետի մոտ ու առաջարկեց 30 արծաթով մատնել Հիսուսին։ Ու ստացավ 30 արծաթը։ Ու մատնեց։ Ու չար օրինակ ծառայեց սերունդների համար, թե ինչպես կարելի է դավաճանել Աստծո որդուն, Ուսուցչին, Հայրենիքը, սեփական Ինքնությունը։
Այսօր Ավագ չորեքշաբթի է – Քրիստոսի ՄԱՏՆՈՒԹՅԱՆ հիշատակության օրը։ Մեկ օր հետո Քրիստոս ձերբակալվեց ու հաջորդ օրը խաչվեց։
