ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՈՒԴԱՅԻ ՀԵՏ.
պատմվածք
[Նվիրվում է Ութ սեղանակիցներին]
— Պարո՛ն Հուդա, կարելի՞ է մի հարց։
— Խնդրեմ, ազիզ ջան, ես մեր լրատվամիջոցներից թաքցնելու ոչինչ չունեմ։
— Շնորհակալություն։ Ճի՞շտ է արդյոք, որ երեք օր առաջ Դուք եք քահանայապետների ձեռքը մատնել Ձեր ուսուցիչ Հիսուս Քրիստոսին։
— Ոչ, իհարկե։ Դա ստոր հերյուրանքներ են, որոնք տարածվում են մի քանի գալիլեացի ձկնորսների կողմից՝ Պարթևստանի թելադրանքով։ Իրականում դեպքը եղել է հետևյալ կերպ։ Հինգշաբթի երեկոյան ես որոշեցի զբոսնել Գեթսեմանի պարտեզում։ Մեկ էլ տեսնեմ՝ դիմացս Ուսուցիչս է՝ Հիսուս Քրիստոսը, որը զրուցում էր երեք անարժան գալիլեացիների հետ։ Ես շատ ուրախացա, մոտեցա Ուսուցչիս ու ողջագուրվեցի նրան։ Հանկարծ որտեղից-որտեղ մոտեցան մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները և իրականացրեցին Ուսուցչիս ձերբակալությունը։ Այդքան բան։ Հիմա ես ի՞նչ մեղք ունեմ։ Ճիշտ է, մինչ այդ՝ նրանք երկար ժամանակ քայլում էին իմ կողքերով, սակայն ինձ թվացել էր՝ նրանք նույնպես ցանկանում էին զբոսնել Գեթսեմանի պարտեզում։ Ի՞նչ է՝ իրավունք չունե՞ն։
— Իհարկե ունեն։ Սակայն չար լեզուները պնդում են, որ նույն օրը Դուք ժամանակից շուտ եք դուրս եկել զատկական ընթրիքից, որպեսզի իրավապահներին ցույց տաք Հիսուսի տեղը։
— Հերթական ստոր հերյուրանքը, որ տարածում են Պետրոսն ու մյուս գալիլեացիները։ Այո, ես շուտ եմ դուրս եկել զատկական ընթրիքից։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Իրավունք չունե՞մ շուտ դուրս գալ։
— Իհարկե ունեք։ Սակայն ասում են՝ Ձեր Ուսուցչին մատնելու մասին քահանայապետերի հետ պայմանավորվել եք նախօրոք՝ չորեքշաբթի օրը։
— Չեմ ժխտի։ Չորեքշաբթի օրը քահանայապետերի հետ իրոք հանդիպել եմ։ Սակայն գալիլեացիներն ինձ զրպարտում են՝ տարածելով, թե իբր այդ հանդիպմանը ես համաձայնվել եմ մատնել Ուսուցչիս։ Բա ես նման նենգ բան կանեի՞:
— Այդ դեպքում ինչու՞ եք գնացել քահանայապետերի մոտ։
— Ազիզ ջան, ինձ հրավիրել են՝ ես էլ գնացել եմ։ Ի՞նչ կա դրա մեջ։ Բա մեր երկրի քահանայապետերն են՝ չգնայի՞: Դուք լինեիք՝ չէի՞ք գնա։
— Կգնայի, կգնայի։ Իսկ ի՞նչ եք զրուցել։
— Այ դա ասել չեմ կարող։ Թող այդ հարցը պարզաբանի Քահանայապետի մամուլի ծառայությունը։
— Լավ։ Իսկ ճի՞շտ է, որ այնտեղ ձեզ 30 արծաթադրամ են տվել։
— Այո, ճիշտ է։ Բայց գալիլեացիները ստում են, թե իբր այդ գումարը ես ստացել են Ուսուցչիս մատնելու համար։
— Այդ դեպքում՝ ինչու՞ են տվել։
— Բացատրեմ։ Մեր համայնքում ես զբաղվում էի ֆինանսներով. գանձանակի պատասխանատուն էի՝ ի հեճուկս Պետրոսի ու մյուս գալիլեացիների խարդավանքներին։ Բայց մեր միջոցները միշտ պակասություն էին անում, ու մեր հարգելի քահանայապետերը որոշել էին մեզ դրամաշնորհ տալ – ի՞նչ վատ բան են արել։
— Վատ բան չեն արել։ Բայց Դուք անընդհատ մեղադրում եք գալիլեացիներին։ Ինչու՞ պետք է Ձեզ զրպարտեին ու վատաբանեին։
— Շատ լավ հարց եք տալիս։ Իմացած եղեք, որ նրանք բոլորն ու հատկապես Պետրոսն ինձ նախանձում էին։ Չէ՞ որ ի տարբերություն նրանց՝ ես ունեմ լավ կրթություն, ունեմ բարոյական բարձր հատկանիշներ, կազմակերպված եմ, նպատակասլաց եմ։
— Հետաքրքիր է։
— Հեգնու՞մ եք։ Իզուր։ Մի դեպք պատմեմ. օրեր առաջ մեր Ուսուցիչը հյուրընկալվում էր մի հարուստի տանը։ Լավ պատրաստություն էին տեսել։ Պես-պես ուտեստներ, թանկ քաղցրավենիք… Մի խոսքով։ Այդ ժամանակ մի կին մոտեցավ Ուսուցչին ու փորձեց նրա ոտքերն ու գլուխն օծել շատ թանկարժեք յուղով։ Դե ես էլ իհարկե չթույլատրեցի – չէ՞ որ այդ յուղը կարող էինք վաճառել ու բաժանել աղքատներին։
— Հետո՞։
— Հետո այդ գեղացի Պետրոսը մեջ ընկավ, պահանջեց նեղություն չտալ կնոջն ու թողնել՝ ինչ ուզում է՝ անի։ Ցավոք, Ուսուցիչն էլ անցավ Պետրոսի կողմը։ Դե պարզ է՝ այնքան էին ինձ զրպարտել, որ ականջալուր չեղավ իմ ռացիոնալ առաջարկին։
— Լավ, իսկ ո՞վ է մեղավոր Ձեր Ուսուցչի չարչարանքների ու խաչելության համար։
— Բոլորս։ Բոլորս ենք մեղավոր։ Բոլորս։
