Այսօր «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրային թիմը` հիմնադրամի փոխտնօրենի գլխավորությամբ, գտնվում էր Արագածոտնի մարզում` մշտադիտարկման այցերի նպատակով:
Մշտադիտարկման արդյունքները գոհացնող էին. 5 շահառուներն առավելագույնս փորձել էին օգտագործել 250 քմ մակերեսով ջերմատան հնարավորություններն ու այդպիսով հոգալ թե´ իրենց ընտանիքների կարիքները, և թե´ վաճառել ստացված բերքը տեղական շուկայում:
Հիշեցնենք, որ հիմնադրամն իր բոլոր ծրագրերի շրջանակում, 6 ամիս և 12 ամիս անց կատարում է մշտադիտարկման այցեր: Այս նախաձեռնության շրջանակում, տեսնելով շահառուների պատրաստակամությունն ու ջանքերը, հիմնադրամն առաջին մշտադիտարկումից հետո շահառուներին տրամադրել է նաև էլեկտրական տաքացուցիչներ և կրկնակի ծածկ` ապահովելով «թերմոսային» էֆեկտ, որպեսզի ջերմատունը կարողանան օգտագործել նաև ձմռան ամիսներին: Նշենք, որ նախաձեռնության շրջանակում նրանց ի սկզբանե տրամադրվել էր ամբողջովին կահավորված ջերմատներ և սածիլներ իրենց գործունեությունն արդյունավետ սկսելու համար:
Մշտադիտարկման այցերը նաև շարունակվելու են վաղը Արագածոտնում և դեկտեմբերի 16-ից 17-ը Լոռիում` ընդգրկելով նախաձեռնության բոլոր 20 շահառու ընտանիքներին: